Դարերի խորհուրդը


Գյուղը հին է։ Գյուղի վանքը երեք հարյուր քառասունինը տարեկան է։ Վանքն է գյուղում բույն դրել, թե գյուղն է փաթաթվել  վանքի  շուրջը՝  չգիտեն։ « Ազգեր կան, որ չունեն գոնե երկդարյան շինություն» ։ Այսպես ասում են պատմաբանները։

Գյուղի փոքրիկ եւ ծեր հպարտությունն է այս մշտնջենական եկեղեցին, որի դիմաց հավաքվում են մարդիկ եւ խոսում անցած ու ներկա հոգսերի մասին, ինչու չէ նաեւ կիսում են ուրախությունը, իրար պատմում օրվա նորություններն ու իրենց հետ պատահած արկածային դեպքերը։ 
Երբ ինձ հարցնում են, թե որտեղից եմ, մեծ հպարտությամբ պատասխանում եմ ․ « Զանգեզուրցի եմ՝  կանաչներով ու կակաչներով պատված Լոր գյուղից»։
Առաջին հերթին նշում եմ, որ բնության ու քարափների երգիչ Համո Սահյանի համագյուղացին եմ, այնուհետև պատմում եմ 1666 թվականին կառուցված Սբ․ Գևորգի պարզ ու խորհրդավոր պատմությունը։ 
Մի անգամ տատիս խնդրեցի, որ պատմի ամենահետաքրքիր պատմությունը, որը կապված է այս վանքի հետ։ Այդ ամենը վերապրելու չափ ոգևորված և պատկերավոր էր պատմում տատիկս։ Ինձ էլ իր հետ կլանեց եւ դարձրեց այդ պատմության փոքրիկ մասնակիցը։
Լսում էի ժպիտը դեմքիս, մինչև որ չհասանք «զանգը գողանալու» պատմությանը։ Գիտե՞ս ինչ զգացի այդ պահին․․․  ցավ, թախիծ, կսկիծ։  Տատիկիս խոսքերը մխրճվեցին սրտիս մեջ։
«Վանքն իրեն զգում էր այնպես, ինչպես ոտքից նոր զրկվածն զգում էր ոտքը, որ նունպես չկար ու չէր էլ լինի»։ Տատս դողացող շուրթերով արտասանեց  Սևակի բանաստեղծությունը,  մի փոքր փոփոխություններ անելով, եւ խորը հոգոց հանեց։

Այցելություն << Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր.

Լորի միջնակարգ դպրոցի 16 աշակերտներ տնօրենի և երկու ուսուցիչների ուղեկցությամբ նոյեմբերի 13-ից 15-ը եղան կրթահամալիրի հինգ դպրոցներում և մասնակցեցին «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ամենամյա ուսումնական ստուգատեսին: Այս տարի այն նվիրված էր կրթահամալիրի 25-ամյակին: Կրթահամալիրը հոգացել էր գիշերակացի և մնացած բոլոր հոգսերի մասին,որի համար շատ շնորհակալ ենք պարոն Բլեյանից:Երեխաները երեք օր անընդմեջ մասնակից եղան բոլոր միջոցառումներին,եղան գեղարվեստի դպրոցում,արհեստանոցում, ջերմոցում ,պարասրահում կարողացան սովորել ազգային պար: Ամբողջ ընթացքում նրանք շրջապատված էին ջերմությամբ: Շաբաթ օրը եղավ հարիսայի օրհնություն Ս. Երրորդություն եկեղեցում. «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ելույթ եկեղեցում, հարիսա-էքսպո. տոնախմբություն Մարմարյա սրահում:

Հանդիպում ՏԻՄ-ի հետ


Նոյեմբերի 10-ին ՀՀ-ում նշվում է տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրը։ Լորի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի և տնօրինության նախաձեռնությամբ աշակերտները այցելեցին համայնքապետարան՝ տեղում ծանոթանալու ՏԻՄ-ի գործունեությանը։ Սկզբում հանդիպեցին համայնքի ղեկավարի հետ,ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը,ապա ծանոթացան աշխատակազմի ղեկավարի և առաջատար մասնագետ հաշվապահի աշխատանքներին։

Գիտելիքի օր

Գիտելիքի  օրը  Լորի  միջնակարգ  դպրոցում  տոնեցին  մեծ  շուքով: Երկարատև    հանգստից  հետո    աշակերտները  մեծ  կարոտով  և  ուրախությամբ  կրկին  ոտք  դրեցին  Լույսի  տաճար: Այս  տարի  դպրոց  եկավ  մեկ   փոքրիկ  առաջին  դասարանցի: Նրա  ուրախությունն  այնքան   մեծ  և  ոգևորիչ  էր, որ  նա  չզգաց   իր  միայնակ  լինելը: Բոլոր  աշակետները   նրա  շուրջը  երգում   և  արտասանում   էին ,իսկ նա  անդադար  ժպտում   էր: 
Շնորհավորական  ուղերձով  հանդես  եկան  համայնքի  ղեկավար Դավիթ  Առուստամյանը  և  դպրոցի  տնօրեն  Լիաննա  Գրիգորյանը:  Նրանք  նվերներ  հանձնեցին  փոքրիկ  Արմենին: Տոնը  դարձավ  կրկնակի  ,  երբ  դպրոցի  տնօրենը  հայտնեց ,որ  այս տարի նույնպես դասագրքերը կտրվեն աշակերտներին անվճարԱյն կվճարվի Կենտրոնական բանկի կողմից։ 
Բարի գալուս 2014-15 ուստարի։
    

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆՆ ԻՐ ԼՈՐԻՆՆ Է…

vorotan30112013
Ավարտվել են Համո Սահյանի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները: Այն պատրաստվում է ոչ միայն իր հյուրընկալ դռները բացելու հանդիսությանը, այլեւ՝ Սահյանի ծննդյան 100 ամյակին: Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Լորի համայնքի ղեկավար Դավիթ Առուստամյանի հետ:
-Պարոն Առուստամյան, 13 տարի առաջ, երբ ընտրվել էիք Լորի համայնքի ղեկավար, մեզ հետ ունեցած Ձեր առաջին հարցազրույցում ասել էիք, որ համայնքի ղեկավարի՝ Ձեր գերագույն խնդիրը Համո Սահյանի կիսակառույց տունը տուն-թանգարան դարձնելն է: Ձեր գերագույն խնդիրը վերջապես լուծվեց:
- 13 տարվա մեջ շատ ջրեր հոսեցին, շատ դռներ բախեցի: Ում ասես՝ չեմ դիմել, ինչ կազմակերպության ասես՝ չեմ խնդրել, նաեւ՝ մշակույթի նախարարություն, գրողների միություն…. Իսկ երբ 2010 թ.-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Լորի հարեւան՝ Շամբի գործարան, նույն խնդրանքով նրան էլ դիմեցի, եւ պատասխանը շատ չուշացավ: Նախագահը հետաքրքրվել էր անգամ տուն-թանգարանի հետագա պահպանությամբ, եւ նաեւ այդ հարցը լուծվեց՝ 3 տարվա համար կոնկրետ գումար հատկացնելով նախագահականից՝ թանգարանի տնօրենի հաստիք պահելու համար:

Համո Սահյանի տուն-թանգարանը երկու տարի առաջ ու հիմա

Մարիամ Մաթևոսյան
Տասնամյակներ շարունակ Սյունիքի Լոր համայնքում կիսավեր վիճակում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարանն այսօր իր դռներն է բացում այցելուների առաջ ներկայանալի տեսքով: Աջակցություն չստանալով պետական մարմիններից՝ գրողի տունն օգնեց թանգարանի վերածել Հայաստանի Սոցներդրումների հիմնադրամը, որի ներդրումը կազմել է 34 մլն դրամ, իսկ համայնքային՝ 10 տոկոս ներդրումը կատարել է ամերիկահայ մի բարերար:

Այս տարվա ապրիլի 14-ին նշվեց Համո Սահյանի 100-ամյակը: Միջոցառումների շարք տեղի ունեցավ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև Սիսիանում: Տարեվերջին տուն-թանգարանի բակում կբացվի նաև մեծանուն բանաստեղծի կիսանդրին: