Դարերի խորհուրդը


Գյուղը հին է։ Գյուղի վանքը երեք հարյուր քառասունինը տարեկան է։ Վանքն է գյուղում բույն դրել, թե գյուղն է փաթաթվել  վանքի  շուրջը՝  չգիտեն։ « Ազգեր կան, որ չունեն գոնե երկդարյան շինություն» ։ Այսպես ասում են պատմաբանները։

Գյուղի փոքրիկ եւ ծեր հպարտությունն է այս մշտնջենական եկեղեցին, որի դիմաց հավաքվում են մարդիկ եւ խոսում անցած ու ներկա հոգսերի մասին, ինչու չէ նաեւ կիսում են ուրախությունը, իրար պատմում օրվա նորություններն ու իրենց հետ պատահած արկածային դեպքերը։ 
Երբ ինձ հարցնում են, թե որտեղից եմ, մեծ հպարտությամբ պատասխանում եմ ․ « Զանգեզուրցի եմ՝  կանաչներով ու կակաչներով պատված Լոր գյուղից»։
Առաջին հերթին նշում եմ, որ բնության ու քարափների երգիչ Համո Սահյանի համագյուղացին եմ, այնուհետև պատմում եմ 1666 թվականին կառուցված Սբ․ Գևորգի պարզ ու խորհրդավոր պատմությունը։ 
Մի անգամ տատիս խնդրեցի, որ պատմի ամենահետաքրքիր պատմությունը, որը կապված է այս վանքի հետ։ Այդ ամենը վերապրելու չափ ոգևորված և պատկերավոր էր պատմում տատիկս։ Ինձ էլ իր հետ կլանեց եւ դարձրեց այդ պատմության փոքրիկ մասնակիցը։
Լսում էի ժպիտը դեմքիս, մինչև որ չհասանք «զանգը գողանալու» պատմությանը։ Գիտե՞ս ինչ զգացի այդ պահին․․․  ցավ, թախիծ, կսկիծ։  Տատիկիս խոսքերը մխրճվեցին սրտիս մեջ։
«Վանքն իրեն զգում էր այնպես, ինչպես ոտքից նոր զրկվածն զգում էր ոտքը, որ նունպես չկար ու չէր էլ լինի»։ Տատս դողացող շուրթերով արտասանեց  Սևակի բանաստեղծությունը,  մի փոքր փոփոխություններ անելով, եւ խորը հոգոց հանեց։